Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Դուք էլ պատրաստ եղեք, տիկնայք և պարոնայք հայեր

Դուք էլ պատրաստ եղեք, տիկնայք և պարոնայք հայեր
28.11.2017 | 13:43

(Նախորդ մասը)

Ամերիկացի հայտնի պայծառատես Չեթ Սնոուն, որի հետ բժշկուհի Հելեն Բոմբախը կանխատեսության (պայծառատեսության վիճակում ապագան «տեսնելը») հիպնոսային սեանսներ է արել, իր «Ապագան: Ձեր կյանքը 2000 թվականից հետո» գրքում մեր մոլորակի ընդերքի սեյսմիկ ակտիվության ուժեղացմամբ պայմանավորված գալիք աղետի բազմաթիվ հանգամանքներ է բերում: Ահա մի քանի հատված նրա գրառումներից. «Հրաբուխ Ճապոնիայում: Նրա ժայթքումն առաջացրեց հզոր երկրաշարժերի շղթայական ռեակցիա և հրաբուխների հետագա ժայթքումներ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ընդհուպ մինչև Ալյասկա: Թերթերում դա անվանեցին «հրե օղակի բռնկում»... Կալիֆոռնիայում եղան ուժեղ փոթորիկներ, մեծ հեղեղներ..., հնարավոր է նույնիսկ՝ ոչ մեծ ցունամի:

Ես կարծում եմ, որ եղել են հետագա ստորերկրյա ցնցումներ, անգամ մեկ ուժեղ երկրաշարժ: Դրանք առաջացրել են ահռելի ջրհեղեղներ: Ափի մի մասն անցել է ջրի տակ, ինչի պատճառով ծովաջրերը թափանցել են երկրի կենտրոնական հովիտները և հեղեղել ցածրավայրերը: Ամենավատը եղել է Կալիֆոռնիայի հարավում, որտեղ ցնցումների ենթարկված տարածքի մի հսկա մաս ուղղակի խորտակվել է... Ես ինձ տեսա բնության գրկում (Արիզոնա նահանգում), որտեղ ձիերն էի պահում և մեր բանջարանոցում աշխատում: Ես հաճույքով զբաղվում էի անասուններով և բույսերով՝ ասես փոխհատուցելով իմ դասախոսություններն ու հետազոտությունները: Հանկարծ դղրդաց գետնի խորքում, և հողի՝ գլդոնի նման գլորվող տատանումն ինձ գետնին տապալեց: Մեր ագարակատան մի մասը փլվեց, մարդիկ, գոռալով ու ողբալով, դուրս էին թռչում նրանից: Մեզ հետ աղետների ժամանակ գոյատևելու պարապմունքներ էին անցկացրել, ուստի գիտեի, որ պետք է արագ վազել դեպի պրոպանի հսկա գազամբարը և փակել գազի կափույրը: Միայն հետո նկատեցի, որ ամբողջ մարմնով դողում եմ և սարսափելի վախեցած եմ»: Աղետի պատճառով, ինչպես հայտնում է պայծառատեսը, «Մեքսիկական ծոցը կլանեց գրեթե ողջ Տեխասը», «ափագիծը մի երկու հարյուր մղոն տեղափոխվեց դեպի Ֆինիքս (Արիզոնա նահանգ) և մինչև Օրեգոն ջրի երեսին մնացին միայն լեռնային հատվածները»: Ջրի տակ անցավ Ճապոնիան, որտեղ զոհվեցին միլիոնավոր մարդիկ: Ավստրալիայից մնաց միայն մի փոքր կղզի, իսկ Ատլանտյան օվկիանոսում ջրի տակից հայտնվեց մի նոր մայր ցամաք:


Այս ամենն իմանալն օգտակա՞ր է: Այսպես կպատասխանեմ. ավելի լավ է իմանալ, քան չիմանալ: Չէ՞ որ անզեն աչքով էլ երևում է, որ ինչպես քրիստոնեական եկեղեցու միջնադարյան ներկայացուցիչների, այնպես էլ XX-XXI դարերի ամերիկացի պայծառատեսների կանխատեսումները հիմնականում համընկնում են: Թե՞ փակենք աչքներս ու ականջներս՝ պատճառ բռնելով, որ կանխատեսներն ու պատգամախոսները նախապաշարմունք են: Լավ, այդ դեպքում ձեզ, հայեր, կներկայացնեմ ԱՄՆ-ի մաքուր և ագրեսիվ, կոշտ քաղգործչի: Պատրիկ Բյուքենենը ԱՄՆ-ի արդի քաղաքական վերնախավի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ամերիկյան քաղաքական ոլորտի «շոտլանդական կլանի» ամենաունևոր ընտանիքների շառավիղներից մեկը: Ավարտել է Ջորջթաունի համալսարանը: 1969-74 թթ. եղել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի օգնականն ու խորհրդատուն, 1974-ին՝ նախագահ Ջերալդ Ֆորդի խորհրդատուն, 1985-87-ին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի հանրության հետ կապերի բաժնի ղեկավարը: Ռադիո- և հեռուստահաղորդավար է, լրագրող, գրող: 1983-ից՝ «Ամերիկյան գործ» հիմնադրամի նախագահ: 1992 և 1996 թթ. ԱՄՆ-ի նախագահի թեկնածու է առաջադրվել հանրապետական կուսակցության, 2000 թ.՝ բարենորոգչական կուսակցության կողմից: 1969-2000 թթ.՝ հանրապետական (հիշեցնեմ՝ ներկայիս կառավարող) կուսակցության ծայրահեղ աջ խմբակցության գաղափարախոս: Այնպես որ, թող ոչ ոք Երևանում չփորձի նվազեցնել Բյուքենենի հայտարարությունների նշանակությունը կամ ԱՄՆ-ի քաղվերնախավի բարձրագույն շրջանակում նրա դերն ու նշանակությունը:


Բայց... Բյուքենենից բացահայտորեն վախենում են և՛ Սպիտակ տան, և՛ Կոնգրեսի, և՛ ՈՒոլ սթրիթի տխրահռչակ «հայտնի շրջանակները»: Այդ էր պակաս, որ չվախենային: 1990-ին նա ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սենատն անվանեց «Իսրայելի օկուպացրած տարածք»: 2000 թվականից խիստ քննադատում էր նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին Իրաքի պատերազմի, Ռուսաստանի հետ առճակատման, հարավաֆրիկյան փոքրամասնությանը սպիտակ մեծամասնության նկատմամբ նախապատվություն տալու, ներգաղթի ավելորդ բարյացակամության համար: 2002 թ. լույս է ընծայել «Արևմուտքի մահը» գիրքը, որում շարունակել է Շպենգլերի և Ֆուկույամայի գաղափարները եվրոպական քաղաքակրթության ներքին ճգնաժամի մասին, որի պատճառները Բյուքենենը տեսնում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի ապաքրիստոնեացման, ծնելության նվազման, հասարակության՝ իրար բախվող ազգային, եկեղեցական և այլ խմբակցությունների ու խմբերի տրոհման մեջ: Եվ հենց այստեղ էլ մենք հասկանում ենք Բյուքենենի և ոչ միայն նրա, այլև Արևմուտքի հեռատես շատ այլ քաղգործիչների անհանգստության պատճառները՝ կապված այն բանի հետ, որ, ի միջի այլոց, թեկուզ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի բութ քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ 24 տարվա երկարատև փոխադարձ կասկածանքներից ու անվստահությունից հետո Ռուսաստանն ու Չինաստանն այնուհանդերձ փաստացի գաղտնի միության որոշում կայացրին ընդդեմ մոլորակի վրա ԱՄՆ-ի գերիշխանական զավթամոլության: Եվ, ինչպես տեսնում ենք, երկու գերհսկաները այդ գործում հենվում են մեր հարևան Իրանի վրա:


Իր գրքում Բյուքենենը վերլուծում է արևմտյան գաղափարաբանության, մշակույթի և քաղաքականության գործընթացները, որոնք հանգեցնում են Արևմուտքի ժողովուրդներին ինքնասպանության տանող որոշումների: ՈՒշադրության կենտրոնում է մի շարք նեոմարքսիստական ուսմունքների (Լուկաչի, Գրամշիի, Ֆրանկֆուրտյան դպրոցի) զարգացումը: Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած մարքսիստական հեղափոխությունների ձախողումից և Ռուսաստանում մարքսիստական վերափոխումների տարաբնույթ արդյունքներից հետո մի շարք ձախ տեսաբաններ վերաիմաստավորեցին իրենց պարտությունների պատճառները և առաջ քաշեցին «մշակութային հեղափոխության» գաղափարը: Քրիստոնեության վրա հիմնված եվրոպական մշակույթը Արևմուտքի երկրների հասարակական գիտակցությունն անընկալունակ է դարձնում մարքսիզմի նկատմամբ: Քաղաքական իշխանությունը նվաճելը և բացարձակ դիկտատուրան ոչինչ չեն տալիս քրիստոնեական իդեալներով համախմբված հանրության դիմադրության պատճառով: Հետևաբար մարքսիզմի հաղթանակն անհնար է առանց հեղափոխության կողմից մշակութային գերիշխանության նվաճման, Եվրոպայի ապաքրիստոնեացման ու նրա ավանդական մշակույթի կործանման: Այդ գաղափարը, որը զարգացրին Ադոռնոն, Մարկուզեն և նրանց հետևորդները, սկիզբ դրեց կամ արմատական հնչողություն հաղորդեց այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են ֆեմինիզմը (կանանց իրավահավասարության ձգտող շարժում), սեռական հեղափոխությունը, «քննադատական պատմությունը», ԼԳԲՏ շարժումը, բազմամշակութայնությունը: Ֆրանկֆուրտյան դպրոցի նեոմարքսիզմը 1960-ականներից դարձավ ամերիկյան մշակութային և քաղաքական վերնախավի տիրապետող գաղափարախոսությունը: Նեոմարքսիզմի (ձախ ազատականության) գաղափարախոսությունը ներդաշնակում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զարգացած երկրներում ձևավորված տնտեսական իրադրությանը: Տնտեսական վերելքն ու բարեկեցության բուռն աճը նպաստում էին գեդոնիստական (հաճույք վայելելու) տրամադրություններին:


Մշակութային նոր գերիշխանության ներդրման քաղաքական մեխանիզմները դարձան դատական իշխանության որոշումները: 1960-ականներից ԱՄՆ-ի Գերագույն դատարանը «դավանանքի ազատությունը հարգելու» պատրվակով ընդունեց տասնյակ որոշումներ, որոնք օրենքից դուրս դրեցին քրիստոնեական ավանդույթները, կազմակերպությունները, խորհրդանշանները: Ներդրվում էր քաղաքական կոռեկտության և երկակի չափանիշների գործելաոճը. թույլատրելի և ցանկալի է համարվում քրիստոնյաների զգացմունքները վիրավորելը, բայց կոշտ կերպով կանխվում և հետապնդվում են ձախ ազատական պոստուլատների նկատմամբ թերահավատության դրսևորումները (օրինակ՝ համասեռամոլության բնույթի, ռասաների և մշակույթների հավասարության (ֆիզիկական), պատմական անցյալի գնահատման, կենսաբանական տեսակների էվոլյուցիոն ծագման և այլն): Նույնպիսի դեր են խաղում հասարակության գիտակցված տրոհումը (Գրամշիի գաղափարը) զանազան փոքրամասնությունների և ձախ վերնախավերի շուրջը նրանց համախմբումը «կեղեքման» դեմ և զանազան իրավունքների համար պայքարի կարգախոսներով:


Վերլուծելով արդի աշխարհի ժողովրդագրական իրավիճակը՝ Բյուքենենը հոռետեսորեն է նայում ԱՄՆ-ի ու եվրոպական ժողովուրդների հեռանկարին: Ընտանիքները քանդելու պատճառով բնակչության նվազումը հանգեցնում է եվրոպական բնիկ ժողովուրդների և ԱՄՆ-ի սպիտակ բնակչության բնաջնջման: Չվերահսկվող գաղթը հնարավոր է դարձնում նրանց փոխարինումը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներից եկող գաղթականներով: «Ամերիկայի ապաքրիստոնեացումը վտանգավոր խաղ է, որի խաղադրույքը մեր քաղաքակրթությունն է: Ամերիկան նավից ջուրն է նետել «բարոյականության կողմնացույցը», որով հանրապետությունը շարժվում էր 200 տարի, և այժմ լողում է բախտին ապավինած»,- դառնությամբ փաստում է Բյուքենենը: Իսկ ես հարց եմ տալիս հայերին՝ Արևմուտքի ջատագովներին, Արևմուտքի հակառակորդներին, չեզոքներին. «Հը, ինչու՞մ ճիշտ չէ նախկին կատաղի հակախորհրդային «ճուռակ» և ռուսատյաց հանրապետական, շոտլանդական ծագմամբ Պատրիկ Բյուքենենը»: Չե՞ք հավատում ինձ, ճարեք նրա «Արևմուտքի մահը», ինչպես նաև «Գերտերության ինքնասպանությունը. կգոյատևի՞ Ամերիկան մինչև 2025 թվականը» գրքերը: Կարդացեք դրանք, տիկնայք և պարոնայք հայեր: Եվ սկսեք պատրաստվել:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ